«Ժամանակ» օրաթերթը զրուցել է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) քաղաքագետ Ամանդա Փոլի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Տիկին Փոլ, ինչպե՞ս եք գնահատում Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ:
Կարծում եմ` դա շատ կարեւոր հայտարարություն է, հավանաբար վերջերս արված հայտարարություններից ամենաբեկումնայինը` նաեւ այն պատճառով, որ արվել է հենց նախագահների կողմից, ինչը խորհրդանշական է եւ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման կարեւորությունը:
Ինչո՞ւ եք հայտարարությունը բեկումնային համարում:
Բեկումնային է, որովհետեւ Օբամայի եւ մյուս երկու նախագահների կողմից միասնական հայտարարություն վաղուց չէր արվել… Կարեւոր է նաեւ հայտարարություն անելու ժամանակը, որովհետեւ մենք հիմա թեւակոխում ենք նախընտրական փուլ, ուստի ես կարծում եմ` հիանալի ժամանակ է հենց հիմա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու եւ հաջորդ փուլ թեւակոխելու համար:
Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում:
Երանի ասեի՝ այո, բայց այսքան ժամանակ այս գործընթացին հետեւելով՝ ես միայն վերապահումներով լավատես կարող եմ լինել… Ես շատ կասկածում եմ, որ կողմերը կհանգեն որեւէ համաձայնության սկզբունքների կետերի շուրջ, բայց համոզված եմ, որ որոշ առաջընթաց հաստատ կլինի այդ հանդիպման արդյունքում:
Ստացվում է` լիահո՞ւյս եք, որ կողմերը պատրաստ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար:
Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, քանի որ երբ կողմերին փորձես առանձին մոտենալ, նրանք կասեն, որ այո, մենք ճիշտ ճանապարհին ենք եւ ընդունում ենք հիմնարար սկզբունքները, բայց հաջորդ պահին հրաժարվում են առաջ շարժվել եւ ստորագրել ձեւակերպված որեւէ փաստաթուղթ… Ուստի ես թերահավատ եմ այդ հարցում:
Տիկին Փոլ, Ձեր կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը որքանո՞վ են համաձայնեցված գործում եւ համագործակցում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարցում…
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն այս գործընթացին հետեւում են արդեն երկար տարիներ… Իհարկե, նրանք, հատկապես Ռուսաստանը, լիովին պետք է հասկանան` ինչ է կատարվում… Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, իրավիճակին ամբողջապես տիրապետում են եւ գիտեն` ինչ հետեւանք կարող է ունենալ հարցի չլուծված մնալը…
Հունիսի 6-ին Հայաստան պետք ժամաներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը… Երեկ պարզ դարձավ, որ Իրանի նախագահի այցը հետաձգվել է… Ի՞նչ եք կարծում, կա՞, արդյոք, կապ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա ակտիվ փուլի եւ Իրանի նախագահի այս այցի միջեւ…
Ես չգիտեմ` որն է եղել Իրանի նախագահի այցի նպատակը, սակայն ես որեւէ կապ չեմ տեսնում նրա եւ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցությունների միջեւ… Եթե Իրանը նպատակ ունի ներգրավվել այս գործընթացում, ապա այդ քայլը չի ողջունվի բանակցողների կողմից…




























