ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի ընթացքում նոր առաջարկներ չեն արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր առաջարկներ չեն բերել: Այս այցի ընթացքում քննարկումներ են ընթանում նախկին առաջարկների շուրջ»,- ըստ APA-ի ասել է Մամեդյարովը:

Նախարարը նշել է, թե այսօր համանախագահները ուղեւորվելու են Լեռնային Ղարաբաղ, որտեղից էլ կմեկնեն Հայաստան: «Երեւանում քննարկումները կշարունակվեն: Շաբաթ հանդիպումները կշարունակվեն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով»,- ասել է նա:

Նշենք, որ համանախագահները երեկ ժամանել են տարածաշրջան: Հունիսի 7-ին շփման գծում կայանալու է ԵԱՀԿ դիտարկման առաքելությունը: Հունիսի 11-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: