«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս գրանցված չէ: «Նա պնդեց միայն, որ մայիսի 22-ին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը: «Այդ ընթացքում (մինչ համագումարը) մենք հանդիպումներ ենք ունեցել «Երրորդ հանրապետության» հետ, որոնց հետ համախոհներ ենք, եկել ենք ընդհանուր հայտարարի, եւ տեղի է ունեցել միաձուլում, որի արդյունքում մենք փաստացի հանդես ենք գալու որպես «երրորդ հանրապետության» իրավահաջորդ` նոր անունով, նոր մոտեցումենրով»,-վստահեցրել է Քոքոբելյանը:
Մեզ հետ զրույցում նա հաստատեց, որ կուսակցության փոխնախագահը վերլուծաբան Անուշ Սեդրակյանն է, ապա նշեց, որ աշխատակազմի ղեկավարը Երեւանի նախկին փոխքաղաքապետ Գեւորգ Արզումանյանն է: ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ըստ Քոքոբելյանի, արդեն անդամագրվել է կուսակցությանը, իսկ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հրավեր ստացել է, բայց դեռ չի պատասխանել: Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանին, ապա Քոքոբելյանը ոչինչ չհայտնեց. «Արարատ Զուրաբյանի հետ համախոհներ ենք, գաղափարակիցներ: Այդ հարցին թող ինքը պատասխանի»,-ասել է նա: Թերթի հարցին, թե համագործակցելու են ընդդիմությա՞ն հետ, թե՞ իշխանության, Քոքոբելյանը պատասխանել է. «Ակնհայտ է, որ այդտեղ հավաքված են մարդիկ, որոնք իրենց կյանքով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, միշտ եղել են ընդդիմադիր դաշտում: Մեր համագործակցությունը լինելու է ընդդիմության հետ»:




























