Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, ներկայումս Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի «Պատերազմի եւ խաղաղության հարցերը ղարաբաղյան հակամարտությունում» հոդվածը:
Թեեւ Ադրբեջանի, ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ անժամկետ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության օրվանից անցել է 17 տարի, կրակի դադարեցման ռեժիմի պահպանության խնդիրը դեռեւս արդիական է մնում: ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստրախանում եւ Սոչիում կայացած վերջին հանդիպումները նվիրված էին հենց այս խնդրին, ինչպես եւ հակամարտության գոտում ընդհանուր լարվածության նվազեցման միջոցառումներին: Միջնորդները վերադառնում են այն ըմբռնմանը, որ առանց ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի ամուր կայունության եւ հուսալի ամրապնդման անհնար է առաջ մղել քաղաքական առանցքային հարցերի համաձայնեցման գործընթացը[1]: Հակամարտության գոտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը խաղաղ երկխոսությունը շարունակելու նվազագույն պայման է, մինչդեռ բանակցություններում առաջընթացն ապահովելու կամ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար անհրաժեշտ է բարի կամք եւ կառուցողական տրամադրվածություն:
Ադրբեջանական կողմի հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս վերջինիս մինչ այդ էլ անզիջում դիրքորոշման կարծրացումը: Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն որդեգրել է հետեւյալ բանաձեւը` կա´մ խաղաղություն Ադրբեջանի սահմանած պայմաններով, կա´մ պատերազմ: Հարկ է նշել, որ «Ադրբեջանի սահմանած պայմաններով» կամ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա խաղաղությունը նշանակում է հետաձգված պատերազմ: Հասկանալի է, որ Ստեփանակերտն ու Երեւանը Բաքվի կանոններով չեն խաղալու[2]:
Դիպուկահարների պատերազմի շարունակությունը եւ հրադադարի ռեժիմը դիտարկելու եւ վերահսկելու միջազգային մեխանիզմի ստեղծման հարցում (ի հեճուկս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում ձեռք բերված համաձայնության. «...հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի քննությունը կողմերի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո` ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի օժանդակությամբ անցկացնելու վերաբերյալ»[3]) Ադրբեջանի ցանկության բացակայությունը` վերոհիշյալ ադրբեջանական բանաձեւից ածանցյալ են: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի[4], ԵԱՀԿ գործող նախագահի[5] եւ այլ գործիչների կոչերը` ճակատային գծից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտության մասին կարող են իրականանալ միայն Ադրբեջանի` ռազմական շանտաժի կամ ռազմական դիվանագիտության քաղաքականությունից հրաժարվելու դեպքում: Հայաստանն ու ԼՂՀ-ն արդեն իսկ հայտարարել են դիպուկահարներին հեռացնելու պատրաստակամության վերաբերյալ, թեեւ հայկական պետությունները չեն կարող նման քայլի միակողմանի դիմել:
Հակամարտության գոտում լարվածությունն Ադրբեջանի կողմից հաճախ գիտակցաբար է հրահրվում` հայկական կողմերի վրա, այդ թվում եւ միջնորդների միջոցով, ճնշումը գործադրելու նպատակով: Ընդհանուր առմամբ` ռազմական վտանգի մակարդակն, ասենք, 2007թ. համեմատ որոշակիորեն բարձրացել է: Ադրբեջանը հետեւողականորեն զինվում է` ձգտելով խախտել հրադադարի հիմքում ընկած ուժերի փոխհավասարակշռությունը: Ակնհայտ է, որ հավասարակշռության պահպանումը նշանակում է կայունության պահպանում, եւ եթե կողմերից մեկն, օգտագործելով նավթային եկամուտները, փորձում է խախտել այդ հավասարակշռությունը, ապա հակամարտության այլ կողմերը պետք է համապատասխան աջակցություն ստանան այն պետություններից, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ:
Հայկական կողմերին սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի անվարձահատույց տրամադրումը կամ արտոնյալ գներով վաճառքը` նոր պատերազմը կանխելու հնարավոր միջոցներից է:
Նյութատեխնիկական միջոցներից բացի գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության գոտում կայունությունն ապահովելուն ունակ քաղաքական բնույթի միջոցներ:
ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է փակել ռազմական հեռանկարը: Վերջին տարիներին փորձարկված եւ նվազագույնս ոչ ծախսատար նման սցենարի իրագործումը տարածաշրջանին շնորհելու է երկարաժամկետ կայունություն: Տարածաշրջանային խաղաղությամբ անկեղծորեն շահագրգռված ստատուս-քվոյի դրական փոփոխության կողմնակիցները պետք է նախապատվություն ընծայեն հենց այս սցենարին:
Արցախի եւ Հայաստանի ճակատագրի համար պատասխանատու պաշտոնական անձանց նպատակը երկու հայկական պետությունների խաղաղ եւ անվտանգ պայմաններում զարգացման ապահովումն է: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը չի դադարեցնում հրադադարի գծում սպանություններն ու հրահրում է լարվածությունը, Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն աշխույժ հակագործողություններ թե´ ռազմական, թե´ դիվանագիտական հարթություններում: Նպատակասլաց աշխատանքի արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հայտնվի այնպիսի պայմաններում, որ հրադադարի ժամանակ վերջինիս` սպանելու հրամաններն ունենան խիստ բացասական հետեւանքներ, նախ եւ առաջ` հենց Բաքվի համար:
Միջազգային դիտորդները պետք է հստակ եւ աներկիմաստ կերպով ըմբռնել տան Ադրբեջանին, որ ռազմական դիվանագիտությունը շարունակելը եւ պատերազմին փաստացի պատրաստվելը հանգեցնելու են ԼՂՀ անկախության միջազգային արագացված ճանաչմանը: Ավելին` միջնորդ երկրները պետք է այդ ուղղությամբ առաջին քայլերը կատարեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային միջկառավարական կազմակերպություններում արդեն իսկ պետք է տրամադրվեր դիտորդի կարգավիճակ:
«Ամերիկայի ձայնին» վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին հարցին ի պատասխան, նշել է, որ նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Ադրբեջանի կառավարության անդամների հետ այդ հարցերը քննարկելով: Այդ քննարկումները ներառում են նաեւ լրագրողների եւ ցուցարարների ձերբակալության հարցերը: «Մենք կամենում ենք մեր գործընկերների հետ համագործակցությունն այնպես հաստատել, որ Ադրբեջանն ընթանա ոչ թե քաղաքական ավտորիտարիզմի կամ իսլամական ծայրահեղականության, այլ` այլընտրանքային ճանապարհով»[6]: Ընդդիմության ցույցերը ցրելու եւ դրանց մասնակիցներին ձերբակալելու կապակցությամբ Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանել է ժողովների ազատությունը եւ այդ հարցն Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում միշտ ուշադրության կենտրոնում է պահել:[7]
Ադրբեջանում մեկնարկած ներքաղաքական գործընթացների հմուտ արտաքին կառավարումը կարող է դրականորեն ներազդել հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա: Քանի որ ավտորիտար վարչակարգերի համար իշխանության պահպանումը կարեւոր առաջնահերթություն է, Ադրբեջանում ժողովրդավարական եւ քաղաքացիական շարժումներին ցուցաբերվող աջակցությունը կարող է կենտրոնացնել Բաքվի իշխանությունների ուշադրությունը ներքաղաքական հարցերի վրա` մի կողմ թողնելով ռեւանշիստական գաղափարների իրականացումը: Հմուտ արտաքին կառավարումը պետք է բացառի այնպիսի իրավիճակներ, երբ գործող վարչակարգը որոշի վերսկսել ռազմական գործողություններ ԼՂՀ-ի դեմ` Բաքվում սեփական իշխանությունն ամրապնդելու համար:
Արեւմտյան պետությունների ընկերակցությունը կարող է դիմել նման կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, քանի որ արեւմտյան երկրների եւ նավթային ընկերությունների ներդրումներից ստացված եկամուտն Ադրբեջանն օգտագործում է ոչ խաղաղ նպատակների համար: «Անվտանգությունը Հարավային Կովկասում` ադրբեջանա-թուրքական հարաբերություններ» վերտառությամբ համաժողովում ելույթ ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերրի Քավանոն նշել է, որ Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեն կազմում է 3,5 միլիարդ դոլար, եւ այդ թիվը գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: Նա վստահություն է հայտնել, որ այդ հսկայական միջոցները կարելի է ուղղել խաղաղ նպատակների»[8]:
Ադրբեջանի գործողություններով հարուցված արեւմտյան երկրների դժգոհությունն ունի իր պատճառները: Դիվանագիտական աղբյուրներից հայտնի է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող նավթային պաշարների շահագործման վերաբերյալ այսպես կոչված «Դարի պայմանագրի» ստորագրման նախապատրաստության ժամանակ Ադրբեջանն, ի թիվս այլ պարտավորությունների, արեւմտյան գործընկերներին երաշխիքներ էր տվել` առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու եւ ներդրողների ռիսկերը չմեծացնելու առնչությամբ: Այսինքն, տարածաշրջանում պատերազմի եւ խաղաղության հարցերի լուծումը փաստացիորեն դուրս է բերվել պաշտոնական Բաքվի բացառիկ իրավասության ոլորտից: Ադրբեջանի ղեկավարությունը, կնքելով «Դարի պայմանագիրը», ստացել է արտաքին քաղաքական աջակցության անդրկուլիսյան երաշխիքներ: Հենց Ադրբեջանի ղեկավարությունը, այլ`
ո´չ թե ժողովուրդը: Կնքելով «Դարի պայմանագիրը»` ոչ ոք չի երաշխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես Ադրբեջանի շահերից բխող եղանակով:
Արեւմտյան գործընկերները կատարում են իրենց պարտավորությունները: Դա հաստատվում է, օրինակ, Ադրբեջանում հորից որդի իշխանության սահուն փոխանցմամբ եւ մի շարք այլ փաստերով: Նավթային ռազմավարության իրականացումից մեծ տնտեսական եւ քաղաքական շահութաբաժիններ ստացած եւ սպառազինությունների պաշարը համալրած Ադրբեջանի գործող նախագահը քայլեր է ձեռնարկում 1994 թ. ընդունված խաղի կանոնները խախտելու եւ ԼՂՀ-ի դեմ ուժային գործողությունների ծավալման անվերապահ իրավունքը ստանալու ուղղությամբ: Կանոնների խախտումը կամ դրանց փոփոխությունը չեն կարող ունենալ միակողմանի բնույթ: Եվ եթե խաղի կանոններն, այնուամենայնիվ, խախտվեն, ապա Ադրբեջանում իշխող վարչակարգը կզրկվի արտաքին աջակցությունից` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Նավթային գործարարության ասպարեզում Ադրբեջանի արեւմտյան գործընկերներից բացի սեփական դրդապատճառներ ունեցող Ռուսաստանի եւ Իրանի պես տարածաշրջանային ազդեցիկ խաղացողները նույնպես շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանմամբ: Մասնավորապես, իրադարձությունների ռազմական զարգացումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասի համար: Հարավում ծագած պատերազմն ուղիղ սպառնալիք է տարածաշրջանի հյուսիսում պահպանվող փխրուն կայունությանը: Իրանական կողմն էլ մտահոգ է, որ տարածաշրջանային ապակայունության դեպքում իր հյուսիսային սահմաններին կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զորքերը[9]:
Այսպիսով, շահագրգիռ երկրների աշխույժ փոխգործակցությամբ եւ առկա գործիքադարանի ճիշտ օգտագործմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է ապահովել երկարաժամկետ խաղաղություն:




























