ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքել են հրադադարը ռեժիմը խախտելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը: «Դա հերթական ապատեղեկատվությունն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Նա ընդգծել է, որ ԼՂՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածությանը:

«Ապատեղեկատվության տարածումն ու ղարաբաղյան զինված ուժերի հասցեին հրադադարի խախտման վերաբերյալ մեղադրանքները Ադրբեջանի քարոզչական մեքենայի ռազմավարությունն է, որով անընդհատ հիշեցնում են, որ պատերազմը չի ավարտվել եւ որ «հայերն ագրեսոր են»,- ասել է Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Բարդա ուղղությամբ:
Դիտարկման ժամանակ, աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հատել են շփման գիծը նախապես ականազերծված հատվածով:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն արդեն այսօր ադրբեջանական լրատվամիջոցները շտապել են մեղադրել ԼՂՀ զինված ուժերին` հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: