Այն, ինչ տեղի է ունեցել իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, դա  հակամարտության տրանսֆորմացիա է` բանակցային գործընթացի կամ տեղեկատվական պատերազմի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները:

«Այն, ինչ տեղի է ունենում իշխանության եւ ընդդիմության միջեւ, դիրքորոշումների մերձեցման փորձ չէ, էքստազի մեջ միմյանց ձուլվելու փորձ չէ, այլ նորմալ քաղաքական հակամարտություն քաղաքական ուժի հետ, որը ցանկանում է մտնել խորհրդարան` այսօր արտախորհրդարանական լինելով եւ հաղթանակ ակնկալելով:

Բավական կոշտ դիմակայությունը պահպանվելու է կողմերի միջեւ մինչեւ ամենավերջին օրը, եւ անգամ ընտրություններից հետո` համաձայն հայկական քաղաքական ավանդույթի»,- նկատել է Իսկանդարյանը` հավելելով, որ տվյալ պահին հակամարտությունն այլ ձեւաչափի մեջ տեղավորելու փորձ է կատարվում:

Ըստ Իսկանդարյանի, այդ ձեւաչափը լինելու են ցույցերը հրապարակում, նաեւ նորմալ քաղաքական պայքարը առկա քաղաքական համակարգի պայմաններում: Ընդդիմությունն օգտագործում է իր փաստարկները, արտահերթ ընտրությունները, կոալիցիան, իր հերթին հայտարարում է, որ նման նախապայմանով չի գնա բանակցությունների: Դա, ըստ քաղաքագետի, մկանների ցուցադրություն է:

Ըստ Իսկանդարյանի, ընդդիմության հռետորաբանությունն աճելու է, քանի որ կա ուղիղ խնդիր. «Երբ ընդդիմությունը գնա զիջումների, կկորցնի վարկանիշն իր էլեկտորատի մեջ: Օրինակ, ընդդիմությունը շարունակելու է հայտարարել է, թե չի գնա երկխոսության, քանի դեռ չեն ընդունել արտահերթ ընտրության պայմանը, նաեւ կարող է հռետորաբանությունը ավելի արմատական դարձնել»:

Պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին հարցին` Իսկանդարյանն ասել է. «Անհրաժեշտություն չեմ տեսնում իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների գնալու: Դրա որեւէ պատճառ չկա»: