Վերելակի հորն ընկած 8-ամյա Էդգար Հարությունյանի առողջական վիճակում նկատվում է որոշակի բարելավում: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքով, բարդություններ չկան, երեխայի գիտակցությունը տեղն է, առայժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ դեռ հայտնի չէ, թե երբ կտեղափոխվի հիվանդասենյակ:
Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ երեխային ընդունել են մի շարք օրգան-սիստեմների տրավմաներով, բազմաթիվ կոտրվածքներով եւ տրավմատիկ շոկով: Հիվանդանոցում նախեւառաջ երեխային հանել են շոկային վիճակից, ապա` վիրահատել, մշակել վերքերը, կարել: Նիկոլայ Դալլաքյանը երեխայի վիճակը գնահատեց կայուն ծանր` դրական դինամիկայով:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 20-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եզնիկ Կողբացի 3ա շենքից շտապօգնության ավտոմեքենան Ծերեթելիի մանկական հիվանդանոց է տեղափոխել 8-ամյա Էդգար Հարությունյանին: Նշված շենքում հավաքվածները հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել մարմնի տարբեր մասերի կոտրվածքներով: Երեխան 10-րդ հարկում վերելակ է կանչել եւ դռները բացվել են, սակայն չի նկատել, որ վերելակը չկա, եւ ընկել է հորը` ընդհուպ մինչեւ առաջին հարկ: Էդգարին վերելակի հորից հանել են հայրն ու օգնության հասած հարեւանները:
Է. Հարությունյանը սովորում է 114 դպրոցի 2-րդ դասարանում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























