Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հուլիսի 3-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գործող քաղաքապետից` Գագիկ Մորադյանից բացի, ով ի դեպ արդեն չորրորդ անգամ է առաջադրվում այդ պաշտոնում, առաջադրվել է եւս հինգ թեկնածու` Մեսրոպ Պետրոսյանը, Հարություն Մնացականյանը, Թադեւոս Թադեւոսյանը, Քաջո Գրիգորյանը, Վարդան Մնացականյանը:
Եթե քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ Գագիկ Մուրադյանը ոչ մի մրցակից չուներ, եւ ընտրությունների օրն ինքն իր դեմ լարված «պայքար» մղելով` վերընտրվեց քաղաքապետ, ապա այս անգամ, ըստ NEWS.am-ի աղբյուրների, առնվազն երկու լուրջ մրցակից ունի:
Նրանցից մեկը Հարություն Մնացականյանը Արտաշատի «ԴՈՍԱՖ»-ի պետն է, ըստ լուրերի` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորյալն ու մտերիմը, մյուսը` ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը:
Նրա ընտանիքն, ի դեպ, խնամիական կապեր ունի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ. Կարապետյանի դուստրը Վարդան Մնացականյանի եղբոր կինն է: Վարդան Մնացականյանը քավոր-սանիկական կապերի մեջ է նաեւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ: Նրա պապը` Վազիկ Մնացականյանը խորհրդային տարիներին Արատաշատի գինու գործարանի տնօրենն է եղել: Կարճ ասած`Մնացականյանների ընտանիքը հայտնի է որպես Արտաշատում դիրք ունեցող ընտանիք:
Մնացած թեկնածուները արտաքուստ չեն վայելում «բարձր ատյանների» հովանավորությունը. նրանցից Մեսրոպ Պետրոսյանը չի աշխատում, Քաջո Գրիգորյանը` նույնպես, (նա հայտնի է որպես «բերդի նախկին կլյուչնիկ», ով, ըստ արտաշատցիների, նախորդ ընտրությունների ժամանակ եւս առաջադրվել էր, սակայն թեկնածուներից մեկի կողմից որպես պարգեւատրում կլորիկ գումար ստանալուց հետո հանեց իր թեկնածությունը), իսկ Թադեւս Թադեւոսյանը հացի արտադրամաս ունի, եւ հայտնի է որպես «Բանգլադեշցի Թաթուլ»: Ըստ արտաշատցիների, նա հարգված անձնավորություն է եւ համակիրների մեծ բանակ ունի, բայց քաղաքապետ ընտրվելուն «չի ձգի»:
Նշենք, որ այսօր` հունիսի 8-ը, ժամը 18:00-ն թեկնածուների առաջադրման վերջին ժամկետն է: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը հունիսի 13-ն է: Իսկ հաջորդ օրվանից` հունիսի 14-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:
Ըստ արտաշատցիների շրջանում պտտվող խոսակցությունների, Արտաշատն այս անգամ նոր քաղաքապետ է ունենալու, ով լինելու է Վարդան Մնացականյանը` հաշվի առնելով նրա կապերը իշխանության բարձր օղակների հետ: Ի դեպ, նրա առաջադրումը անակնկալի է բերել շատերին, այդ թվում եւ`գործող քաղաքապետին:




























