«Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը պետք է անհարմար զգա եւ ամաչի իր քայլի համար»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
«ՉԻ»-ն այս առթիվ գրում է. «Մեր տեղեկություններով, պարոն Նիկոյանի այս հայտարարությունից հետո ԱԺ խմբակցություններն արտահերթ խորհրդակցություններ են անցկացրել եւ հաստատել անհարմար զգալու եւ ամաչելու ընթացակարգերը: Ըստ այդմ՝ ընդամենը մի բացակա պատգամավորի փոխարեն քվեարկողը պիտի թեթեւակի կարմրի, երկուսի փոխարեն քվեարկողը՝ գետինը մտնի, երեք եւ ավելի կոճակ սեղմողը՝ հանդիսավորապես մեղա գա, պատառոտի վերնաշապիկը եւ նախնյաց շիրիմների, Մասիս սարի, քյաբաբի եւ այլ սրբությունների արեւով երդվի, որ պատահաբար է ստացվել:
Մեր տեղեկությունների համաձայն՝ նույն այդ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ առավելագույնս ամաչած պատգամավորների խրախուսման ընթացակարգը: Մասնավորապես որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից ամաչավճար վճարել առավել ամաչունակ պատգամավորներին: Այս առաջարկները խորհրդարանին կներկայացվեն առաջիկա նստաշրջանին: Քվեարկության ընթացքում կամաչեն շուրջ 60 պատգամավորներ»:




























