Ավստրալիայում մի տղամարդու հաջողվել է փրկվել իր վրա հարձակված կոկորդիլոսից: Նա ձեռքերով բացել է իր գլուխը բռնած կենդանու բերանը, հայտնում են տեղական իշխանությունները: Ավստրալացին լողում էր Քվինսլենդ նահանգի Լեյսիդ լճում, երբ 1.5-2 մետր երկարությամբ կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա, փոխանցում է BBC-ն:
Միջադեպից հետո տղամարդուն աննշան վերքերով տեղափոխել էին տեղի հիվանդանոց: Իշխանությունները հայտնել են, որ նրա բախտը բերել է, որ ստացած վնասվածքներն ավելի լուրջ չեն եղել:
Բուժաշխատող Փոլ Սվինին պատմել է, որ տղամարդը, ով ցանկացել է անանուն մնալ, շուրջ ութ տարի շարունակ շաբաթական երեք անգամ լողում էր լճում: Սվինին նշել է, որ չի զարմանա, եթե ապաքինվելուց հետո նա շարունակի լողալու իր ավանդույթը:
Քվինսլենդի էկոլոգիայի դեպարտամենտը հայտնել է, որ Լեյք Փլեսիդը կստուգվի մասնագետների կողմից` պարզելու կոկորդիլոսի հարձակման պատճառները եւ անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու համար: «Մենք բոլորին հիշեցնում ենք, որ Լեյք Փլեսիդը եւ Քյորնս շրջանը հայտնի են որպես «կոկորդիլոսների երկիր», եւ մենք կոչ ենք անում ձեզ միշտ աչալուրջ լինել այնտեղ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:




























