Այսօր` հունիսի 9-ի առավոտյան Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ֆրանսահայ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Սարգիս Հացպանյանը հունիսի 9-ին ազատ է արձակվելու, քանի որ «ավարտվում է նրա պատժաժամկետը»:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանն ազատազրկման էր դատապարտվել` մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է`  սուտ մատնություն, որը զուգորդվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ սուտ մեղադրանքով: Հացպանյանը մամուլում հայտարարել էր, որ իր հավաստի աղբյուրներով` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է նախապատրաստում Սերժ Սարգսյանի դեմ:

Նշենք, նաեւ, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Հացպանյանին համարում է քաղբանտարկյալ։ Համաներումից հետո դեռեւս քաղբանտարկյալներից անազատության մեջ են միայն նա եւ Մուրադ Բոջոլյանը։ Բոջոլյանի պատժաժամկետը եւս լրանում է առաջիկա օրերին: