Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ուրբաթ օրը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այն կողմը չէ, որը պետք է վերադառնա 2015-ի միջուկային գործարքին, քանի որ երկիրը երբեք դուրս չի եկել այդ համաձայնագրից եւ կատարել է պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները:

«Մենք մի անգամ բանակցեցինք, եւ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) դոսյեն փակվեց: ԳՀՀԾ-ի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ էր, եւ մենք ընդգծեցինք մեր նախկին դիրքորոշումը»,- ասել է Վաեզին IRNA գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Իրանը պետք է առաջինը վերադառնա միջուկային գործարքին:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներից մեկը ԳՀՀԾ-ի գործի վերաբացումն էր, սակայն Իրանի համար Թրամփի եւ Բայդենի վարչակազմերի միջեւ տարբերություն չկա, ուստի Իրանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվի:

2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից (ԳՀՀԾ), ինչից հետո Վաշինգտոնը սկսեց Իրանի վրա առավելագույն ճնշման արշավը, որը, ըստ էության, ուղղված էր երկրի տնտեսական խեղդմանը:

ԳՀՀԾ-ն ստորագրվել էր 2015 թվականին Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների եւ Գերմանիայի հետ` Թեհրանի միջուկային զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգները ԳՀՀԾ վերադարձնելու պատրաստակամության մասին: