Ջավախքի հայությունը դիմել է Գարեգին Բ-ին՝ վրաց իշխանությունների առջեւ ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի խնդիրը բարձրացնելու խնդրանքով:

Ջավախահայության հանրագրում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ Վրաստան կատարելիք այցի ընթացքում, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի եւ Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել ջավախքահայ ազգային, հասարակական, եւ քաղաքական գործիչ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու, կրոնական եւ լեզվամշակութային արժեքների պահպանման գործընթացի պայքարի նվիրյալ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդման՝ ապօրինի ձերբակալության, դատավարության, բանտարկության թեման»:

Հանրագիրը ստորագրել է շուրջ 1200 մարդ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի  եւ Ծալկայի շրջանների հայեր:  Տեքստը կից ստորագրություններով, այսօր` հունիսի 9-ին փոխանցվել է Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն: