Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն կա, սակայն դեռեւս դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունքների այն կհանգեցնի, մի բան միայն հստակ է. Հայաստանի ներքաղաքական կյանքում սա դրական գործընթաց է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
«Սակայն սա մոտեցող ընտրությունների նախաշեմին կատարվող փոփոխություն է»,- նկատեց փորձագետն՝ ավելացնելով, որ ներքաղաքական վերջին գործընթացներն արժե դիտարկել նախընտրական քարոզարշավի պրիզմայով։
Նրա խոսքով, իշխանությունների կողմից նախաձեռնված գործընթացների նպատակը խորհրդարանական ընդդիմության փոփոխությունն է։ Ինչպես նշեց փորձագետը, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ՝ հետաքրքիր միտումներ են նկատվում հենց իր՝ իշխող էլիտայի, ավելի ճիշտ, իշխող կուսակցությունների ներսում։
Նրա խոսքով, ներկայումս լուրջ պայքար է նկատվում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ, որի մեջ որոշիչ գործոն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կիրակոսյանի կարծիքով, Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կարող է բերել ԲՀԿ-ի մադատների մասնակի կորստի՝ ի օգուտ Հայ ազգային կոնգրեսի։
Նա ընդգծեց, որ Հայաստանի նոր խորհրդարանը քաղաքական նոր իրողություններ կարտացոլի։ Միաժամանակ, փորձագետը նշեց, որ Հայաստանում կայանալիք ընտրությունները մի փոքր ավելի արդար կլինեն, քան` նախորդները։




























