«Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը դիտարկում է իբրեւ վնասակար գործընթաց, որը Հայ ազգային կոնգրեսին վստահող զանգվածի մոտ հուսալքություն ալիք է բարձրացրել։ Նման համոզմունք Սեֆիլյանը հայտնեց հունիսի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հուսահատության եւ անվստահության ալիքը շարունակվելու է, քանի որ ժողովրդի մի ստվար զանգված ընդդիմության՝ իշխանություններ հետ երկխոսության գնալու քայլը դիտարկում է իբրեւ ՀԱԿ-ի՝ պայքարից հրաժարվելու որոշում»,- ասաց նա։
Սեֆիլյանը հատկանշական համարեց, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն «ընդգծված հուսահատական միտք արտահայտեց»՝ ասելով, թե Հայաստանում իշխանափոխության ռեսուրս եւ ներուժ գոյություն չունի։ «Այստեղից հարց է ծագում. եթե դու համոզված էիր, որ այդ ներուժը գոյություն չունի, ինչո՞ւ 2008-ի նախօրյակին մտար մեծ քաղքականություն եւ իշխանափոխության ու ռեժիմի տապալման հայտ ներկայացրեցիր»,- հարց հնչեցրեց շարժման անդամը:
Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, ընդդիմության հետ երկխոսություն, ինչ-ինչ շփումներ սկսելով՝ իշխանությունը եւ մասնավորապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նպատակ ունեն վարկաբեկել եւ նվաստացնել ՀԱԿ-ին, հիասթափեցնել այդ ուժին հավատացող մարդկանց։
«Ընդդիմության հետ նստել-ելնելով, շփումներ կազմակերպելով, միմյանց հետ նկարահանելով՝ Սերժ Սարգսյանը կհասնի նրան, որ ՀԱԿ-ին վստահող մարդիկ կկորցնեն իրենց հավատն այդ ուժի նկատմամբ։ Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը միամիտ չէ, սակայն բանակցողների պատվիրակություն կազմելու հարցում նա խաբվեց իշխանության առաջին «քցոցիին», այնպես որ, ՀԱԿ-ն այժմ շվարած, սպասողական վիճակում է»,- նկատեց Սեֆիլյանը։
«Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամը տեսակետ հայտնեց, որ երկխոսության գործընթացում եւ դրանից հետո ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին վերապահված է բացառապես խորհրդարանական ընտրությունների ցուցակը կազմելու իրավունքը։
Նշենք, որ ՀԱԿ քաղխորհրդի արտահերթ նիստում օրերս որոշվել էր այն անձանց ցանկը, ովքեր պետք է բանակցեն իշխանությունների հետ:
Նրանք են՝
Լեւոն Զուրաբյան - ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)
Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար
Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար
Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ




























