ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները ձերբակալել են երկու կանանց՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հետ կապված մեղադրանքով, նրանցից մեկը ցույցի ժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին գնդակահարելու մտադրություն է հայտնել, գրում է Washington Post-ը:

Հետաքնությունների դաշնային բյուրոն հունվարի 12-ին ստացել է տեսանյութ, որտեղ Դոն Բենքրոֆթն ու Դիանա Սանտոս-Սմիթը լքում են կոնգրեսի շենքը: ՀԴԲ-ից տեղեկատվություն ստանալուց հետո իրավապահները կարողացել են նույնականացնել եւ բերման ենթարկել կանանց:

«Մենք ներխուժեցինք Կապիտոլիում... Մենք ներս մտանք, մեր գործն արեցինք... Մենք փնտրում էինք Նենսիին (Փելոսի-խմբ.), որ կրակենք նրա հիմար գլուխին, բայց չգտանք նրան»,- ասում է Բենքրոֆթը տեսանյութում, որը նա, ըստ ՀԴԲ-ի, ուղարկել է իր երեխաներին:

Կանանց, ովքեր, ՀԴԲ-ի պնդմամբ, ի սկզբանե ստել էին իշխանություններին գրոհին իրենց մասնակցության վերաբերյալ, ներկայացվել են երեք դաշնային մեղադրանքներ, այդ թվում` առանց օրինական իրավասության դիտավորյալ սահմանափակ հասանելիության շենք ներխուժելու եւ խուլիգանության կամ հասարակական կարգը խախտելու միջոցով պետության գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի 6-ին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած հանրահավաքից հետո գրոհել էին Կապիտոլիումը, կոնգրեսի աշխատանքը մի քանի ժամով ընդհատվել էր: Անկարգությունների հետեւանքով սպանվել էին մի ցուցարար կին եւ ոստիկան, եւս երեք մարդ մահացել էր բռնության հետ կապ չունեցող պատճառներով: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին կոնգրեսի շենքից, կոնգրեսականները հաստատել էին նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ խռովություն հրահրելու մեղադրանքով: