Փորձելով կարգավորել գները, պետությունը երբեմն հայտնվում է Մյունհաուզենի դերում, որն ընկնելով ճահիճը, փորձում է քաշել իր իսկ մազերից: Այս մասին հունիսի 8-ին Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով պետության դերակատարությանը գների կարգավորման հարցում:

«Եթե չկա քաղաքացիական հասարակություն, ապա առկա է կոռուպցիա: Մյուս կողմից` այդ պետությունը, կառավարությունը պետք է գիտակցի, որ կառավարությունն ուզում է կառուցել այդ հասարակությունը: Այս տեսակետից, անցումային տնտեսությամբ երկրներում պետությունը պետք է պատրաստ լինի այն բանին, որ աստիճանաբար իր գործառույթները փոխանցի քաղաքացիական հասարակությանը, ինչը շատ ծանր է, քանի որ ցանկացած կոռումպացված համակարգ ինքը չի հրաժարվում իր լիազորություններից: Հակառակը` ձգտում է ստանալ նոր լիազորություններ, որովհետեւ դա աշխատելու նոր հնարավորություն է ընձեռում:

Գաղտնիքը նրանում է, որ պետք է տեղեկացված կառավարություն, որը հասկանում է այդ հիվանդության վտանգավորությունը, եւ ինքն է շատ պետական գործառույթներ փոխանցում ինքնակազմակերպվող հասարակությանը: Ահա այսպիսի պետություն է պետք անցումային տնտեսությամբ երկրներին, որը գիտակցում է այդ գործառույթների փոխանցման անհրաժեշտությունը հասարակությանը», - ասել է նա: