Հայաստանի իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն առայժմ հեռակա բնույթ է կրում, կողմերը շփվում են լրատվամիջոցների եւ հայտարարությունների միջոցով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Նրա կարծիքով, կողմերից յուրաքանչյուրը գործընթացը յուրովի է ներկայացնում, ՀԱԿ-ը խոսում է ձեռքբերումների եւ իշխանությունների զիջումների, իշխանությունները` իրենց դրսեւորած բարի կամքի մասին, իսկ արդյունքը հեռանկարում մնում է անհայտ: Մելիքյանընշել է, թե ՀԱԿ-ը ցանկանում է երկխոսությանը պաշտոնական բնույթ տալ, իսկ իշխանություններին դա ձեռք չի տալիս: Իշխանությունները, ըստ նրա գտնվում են ավելի ձեռնտու վիճակում, կատարել են ՀԱԿ-ի 15 պահանջներից միայն 3-ը:

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը նկատել է, որ կարելի է խոսել շփումների, բայց ոչ բանակցությունների մասին, քանի որ բանակցությունների առարկան` արտահերթ ընտրությունների պահանջը` անթույլատրելի է:

Արման Մելիքյանը նաեւ նկատել է, որ բանակցություններ վարելու իշխանությունների կտրուկ մերժումը հասարակության մեջ բացասական վերաբերմունք է հարուցում: