Վերջին ամիսների ընթացքում կառավարությունը բարեփոխումներ է անում իսկապես բարձր դոզայով: NEWS.am-ի հետ զրույցում նման հայտարարություն անելով` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ավելացրեց, որ բիզնեսը ոգեւորված է դրանով: Մասնավորապես` բարձր է գնահատվում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի օպերատիվ միջամտությունը տնտեսական գործընթացներին, ինչը զսպում եւ ուղղորդում է պետական մարմիններին: Հավանաբար դրա արդյունքում էլ, ըստ Գ. Մակարյանի, պետական գերատեսչությունների հետ ստեղծվել է համագործակցության դրական մթնոլորտ:
Մասնավորապես` էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության եւ այլ նախարարություններ բաց են համագործակցության համար, լրջորեն քննարկում են գործատուների միության բոլոր առաջարկները: Գ. Մակարյանը դրական փոփոխություններ է տեսնում նաեւ պետեկամուտների կոմիտեի աշխատանքներում: Գ. Մակարյանի կարծիքով` կառավարության բարեփոխումներն իրենց դրական արդյունքները անպայման զգացնել կտան տարեվերջում:




























