Իտալիայի իրավապահ մարմինները Սիցիլիայում 23 մարդու են ձերբակալել տեղական հանցավոր խմբավորումների հետ կապերի կասկածանքով, հայտնում է ASNA-ն:
Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են տեղական ոստիկանության երկու աշխատակիցներ եւ փաստաբան, նրանց կասկածում են մաֆիային օժանդակելու մեջ: Corriere della Sera պարբերականը հայտնում է, որ իրավաբանի գրասենյակում երկու տարի շարունակ անցկացվել են սիցիլիական հանցավոր խմբավորումների պարագլուխների հանդիպումները: Դրանից բացի, քննիչները պարզել են տեղական խմբավորումների ձերբակալված անդամների եւ «Կոզա Նոստրա» մաֆիայի պարագլուխ, երկար տարիներ արդարադատությունից թաքնվող Մատեո Մեսինա Դենարոյի միջեւ տեղեկությունների փոխանակման ուղին:
1993 թվականին կնքահայր Տոտո Ռինայի եւ 2006 թվականին նրա ժառանգորդ Բեռնարդո Պրովենցանոյի (երկուսն էլ մահացել են բանտում) կալանավորվելուց հետո «Կոզա Նոստրան» վերածվել էր մասնատված կազմակերպության՝ մեծ թվով կլաններով: Հայտնի չէ, թե հիմա ով է այն գլխավորում: Մաֆիայի դեմ պայքարի կոմիտեի ներկայացուցիչների վերջին հայտարարությունների համաձայն՝ Իտալիայի ամենաորոնվող հանցագործ Մատեո Մեսինա Դենարոն այլեւս վճռորոշ դերակատարում չունի Սիցիլիայի հանցավոր աշխարհում, որտեղ բնակվում է վաղուց: Նա գրեթե 30 տարի թաքնվում է արդարադատությունից, եւ ոչ մեկը ստույգ չգիտի, թե նա ինչպիսի արտաքին ունի:
2020 թվականի հոկտեմբերին Կալտանիսետա քաղաքի դատարանը նրան մասնակից էր ճանաչել 1992 թվականին դատավորներ Ջովանի Ֆալկոնեի եւ Պաոլո Բորսելինոյի սպանության կազմակերպմանը եւ հեռակա դատապարտել էր ցմահ ազատազրկման: Նա նախկինում ցմահ ազատազրկման էր դատապարտվել նաեւ Հռոմում, Միլանում եւ Ֆլորենցիայում այլ սպանությունների ու ահաբեկչությունների կազմակերպման համար, որոնց մաֆիան դիմել էր ճնշում գործադրելու եւ իշխանություններին ահաբեկելու համար:



























