Յունիբանկն այսօր` հունիսի 9-ին ներկայացնում է նոր վարկային քարտ «Constant+», որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող այլ անձանց համար:
«Constant+» քարտի նպատակային նշանակությունը վարկային միջոցների տրամադրումն է սպառողական կարիքների բավարարման համար: Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով եւ 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո), կազմում է 18-ից մինչեւ 20 տոկոս: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ, երբ, օրինակ, հաճախորդը այդ քարտի դրամական միջոցներով վճարում է ապրանքի դիմաց կամ գումարը կանխիկացնում է: «Constant+» քարտի առավելություններից մեկը վարկի մարման ճկուն համակարգն է. քարտապանը կարող է իրականացնել ամենամսյա մարումներ` նվազեցնելով վարկի գումարը կամ ապահովել բացասական մնացորդի 10 տոկոսի դրական շրջանառություն ամսվա վերջին: Տոկոսագումարները ենթակա են վճարման ամեն ամիս:
«Constant+» վարկային քարտի ձեւակերպման համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկը եւ ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:




























