Արդեն 2 ամիս է` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրենի պաշտոնը թողել է Գագիկ Մակարյանը: Հիշեցնենք, որ այդ հասարակական կազմակերպության նախագահը հայտնի գործարար Արսեն Ղազարյանն է:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված բավական հայտնի կազմակերպությունից հեռանալը, Գ. Մակարյանն ասաց հետեւյալը. «Արդյունաբերողների միությունում իմ աշխատանքը այնքան էլ լրիվ չէր գնահատվում կամ ընկալվում: Ես միշտ փորձում էի բավականին խնդիրներ ներկայացնել, բայց այդ օգուտը ստանում էր մի փոքր խումբ, իսկ դա ինձ համար հասկանալի չէր: Նախընտրեցի թողնել, քանի որ այնտեղ հիմնականում խոշոր բիզնեսն է արտահայտված»:
Նշենք, որ հունիսի 4-ին Գ. Մակարյանն ընտրվել է գործարարների շահերը ներկայացնող մեկ այլ կազմակերպության` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (նախկին նախագահը Արսեն Ղազարյանն էր): Ի տարբերություն արդյունաբերողների միության` գործատուների հանրապետական միությունը հ/կ չէ, այն շահույթ չհետապնդող եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է: Հատկանշական է, որ այս երկրորդ միության նախագահի պաշտոնում Արսեն Ղազարյանի լիազորությւոնների ժամկետը լրացել էր 7 ամիս առաջ, բայց նա համագումար չի հրավիրել` նոր ղեկավար կազմ ընտրելու նպատակով: Միայն տարածքային մարմինների պահանջով հունիսի 4-ին հրավիրվել է արտահերթ համագումար, որտեղ էլ նախագահ է ընտրվել Գ. Մակարյանը:




























