Ամստերդամի իշխանությունները որոշում են կայացրել փակել քաղաքի կենտրոնում գտնվող «կարմիր լապտերների թաղամասը», եւ այն Դե Վալլեն թաղամասից տեղափոխել այլ վայր: Այս կերպ քաղաքական գործիչները նախատեսում են աշխատել մայրաքաղաքի զբոսաշրջային վարկանիշի վրա, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման: Նրա գաղափարը շուտով պաշտպանել են քաղաքական կուսակցությունների անդամները: Նրանք առաջարկել են «էրոտիկ կենտրոնն» այլ վայրում կառուցել, բայց դեռ չեն նշել հստակ տեղը: Պաշտոնյաները այս որոշումը բացատրել են քաղաքի զբոսաշրջային վարկանիշը փոխելու ցանկությամբ:
«Այստեղ խոսքը Ամստերդամը, որպես այցելությունների քաղաք, վերագործարկելու մասին է: Զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում վայելել քաղաքի գեղեցկությունն ու ազատությունը, բայց ոչ ամեն գնով, ուստի մենք պետք է վճռականորեն միջամտենք այս հարցին»,- հայտարարել է Աշխատանքի կուսակցության անդամ Դենիս Բուտկան:
Պարզվել է, որ Հալսեման վաղուց էր սկսել քննարկել խնդիրը: Նա իր անհանգստությունը բացատրել է The Independent-ի հետ զրույցում՝ նշելով, որ թաղամասում աշխատող կանայք դարձել են տուրիստական տեսարժան մի բան, եւ նաեւ սկսել են բախվել անհարգալից վերաբերմունքի ու նվաստացումների: Քաղաքապետն այս մոտեցումն անտեղի է անվանել:
Թաղամասը վերափոխելու առաջարկն արդեն բարձրաձայնվել էր 2019-ի փետրվարին: Այն ժամանակ քաղաքի ղեկավարը խոստացել էր դիտարկել թաղամասի վերափոխման բոլոր հնարավոր տարբերակները, որոնք սպառնալիքի տակ չեն դնի այնտեղ աշխատող մարմնավաճառների անվտանգությունը: Նախաձեռնությանն ի պատասխան՝ ակտիվիստները այդ վայրն անվանել են «մսի շուկա» եւ առաջարկել են ընդհանրապես հրաժարվել դրանից:




























