Բրյուսելը կապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ` Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար: Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն:

Նրա խոսքով` ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը որպես համակարգող է գործում եւ աշխատում է համաձայնությանը համապատասխանության ապահովման ծրագրի ուղղությամբ:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ էր արել մեխանիզմ ստեղծել` Իրանին եւ ԱՄՆ-ին 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր վերադարձնելու կամ «քայլերի համակարգման» համար: