Քրեական գործ հասկացությունը կարող է վերանալ հայաստանյան իրավական համակարգից: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Քրեական դատավարության օրենսգրքի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն առաջարկում է քրեական գործ հարուցելը փոխարինել վարույթ հարուցելով: Ընդ որում, քննությունը, օրինագծի համաձայն, առաջարկվում է փոխարինել նախաքննությամբ, ինչը, հեղինակների խոսքով, զգալիորեն կպարզեցնի մինչդատական վարույթը: «Այսինքն՝ հանցագործության մասին բավարար տեղեկությունների դեպքում քննիչը կազմում է արձանագրություն, միանգամից անցնում է նախաքննությանը եւ իրազեկում է այդ մասին դատախազությանը: Քննիչի հանձնարարությամբ հետաքննչական մարմինն իրականացնելու է գաղտնի քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն»,-պարզաբանեց նախարարը: Նոր օրենսգրքի համաձայն՝ փոփոխություններ են կատարվել նաեւ խափանման միջոցի մասով: Այսպես, ծրագրվում է մտցնել նոր տեսակներ, մասնավորապես՝ տնային կալանք եւ վարչական հսկողություն: Ընդ որում, նոր միջոցները գործնականում կիրառելու համար, նախարարի խոսքով, ծրագրվում է իրականացնել էլեկտրոնային բրասլետների պետական գնում:

«Տնային կալանքի որոշման դեպքում կգրանցվի անձի պահման հասցեն, իսկ պատժի իրականացման հսկողությունը կիրականացվի կամ էլեկտրոնային բրասլետի, կամ պրոբացիայի ծառայության կողմից տեղում իրականացվող հսկողության տարբերակով»,-ասաց Բադասյանը:

Եվս մեկ նորարարություն է թվային խուզարկությունը, որը ենթադրում է էլեկտրոնային կրիչների խուզարկում: Նախարարի խոսքով՝ գործող օրենսդրությունում կան այդ մասով թերություններ, իսկ նոր օրենսգիրքը հնարավորություն կտա կարգավորել այդ ժամանակակից եւ լայնորեն կիրառվող խուզարկման մեթոդը: