Ցավով ականատես եմ լինում՝ ինչպես են իմ նախկին գործընկերներն ավելի ու ավելի տրվում իշխանության գայթակղություններին: Այս մասին ԱԺ նիստում ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ պատգամավորները խոսում են արժեքների, Հայաստանի պատմության, սկզբունքների մասին, եւ որքան շատ են խոսում սկզբունքների մասին, այնքան շատ չեն պահպանում դրանք, որքան շատ են խոսում արդարության եւ արժեքների մասին, այդքան շատ դրանք խեղաթյուրում են: «Իշխանությունն այնպիսի գայթակղություն է, որ երբ մարդը մտնում է կառավարություն՝ պայքարելով կոռուպցիայի դեմ, ինքն է դառնում կոռուպցիոներ, պայքարում է դատական իշխանության դեմ, սակայն գալով իշխանության՝ ցանկանում է հարմար դատական համակարգ ունենալ»,-ասաց Մարուքյանը:
Նա նաեւ խոստովանեց, որ սկսում է վախենալ իշխանություն ունենալու ցանկությունից, եւ արդեն չի ցանկանում իշխանություն ունենալ: «Մեր ներկայիս կառավարությունը, որը եկել է նույնիսկ հեղափոխության ճանապարհով, սովորական կառավարություն է, տիկին Մակունց»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:
Նա ընդգծեց, որ իշխանությունը դառնում է սովորական կառավարություն, որում կան կոռումպացված անձինք, որոնք ցնականում են հնարավորություն ունենալ զանգել դատավորներին եւ ազդել դատարանի որոշման վրա, ցանկանում են, որպեսզի քննիչներն այդ մարդկանց «ատկատներ» տան, որպեսզի շահեն տենդերները եւ այլն:





























