Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն: Այս մասին Հայաստանում տեղի ունեցած` ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարության մեջ ընդգծվում է, որ բանակցության կողմերը պետք է համաձայնության գան ԼՂ կարգավորման սկզբունքների շուրջ: Մենք կարծում ենք, որ սկզբունքների շուրջ համաձայնություն լինել չի կարող, քանի որ Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի ուժի չկիրառման մասին պարտավորություն: Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայնի, ապա այսպիսով ճանապարհ կբացվի ԼՂՀ փաստացի անխակության միջազգայնացման համար, որին կարող են հետեւել կողմերին հետաքրքրող բոլոր հարցերի քննարկումը»,-նշեց Աթանեսյանը եւ խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել: Խոսելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարության մասին, թե մինչեւ վերջնական խաղաղության կնքումը պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը, որը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն», Աթանեսյանն ասաց, թե Անջեյ Կասպրշիկը փորձել է օրիգինալ երեւալ, քանի որ նա իր առաքելությունն ավարտող պաշտոնյա է:
Նշենք, որ Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Դովիլում G8 գագաթաժողովի շրջանակներում հայտարարություն էին ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` կոչ անելով երկու երկրների նախագահներին քաղաքական կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա:




























