ԼՂՀ խնդրի վերաբերյալ որեւէ վերջնական փաստաթուղթ Կազանում չի ստորագրվի: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ խորհրդարանական համաժողովի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը: «Ես չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա Կազանում, սակայն լուրջ առաջընթաց այդ հանդիպումից չեմ սպասում»,-նշեց նա:

NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ գնահատական կտա ՀՀ երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, ե՞րբ էր ԼՂ խնդրի լուծումն ավելի շահեկան պայմաններում, դաշնակցական Պետրոսյանը նախ արձագանքեց, թե չի ցանկանում գնահատական տալ Հայաստանի նախագահների պաշտոնավարմանը, ապա հավելեց. «Կարգավորումը դինամիկ գործընթաց է: Վիճակը նախկինում այլ էր, այժմ այլ է, հետագայում կլինի այլ իրավիճակ»:

Նա նաեւ հավելեց, որ ամեն մի իրավիճակում կոնֆլիկտի կողմը կարող է ընդունել շահեկան դիրք, նայած թե ինչպես է դա անում: Հարցին, թե 1997 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո արդյոք Հայաստանը շահեկան վիճակո՞ւմ էր, ԼՂՀ ԱԳ նախարարն արձագանքեց. «Հազիվ թե, հազիվ թե»:

Նշենք, որ համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Երբ NEWS.am-ը փորձեց նրան հարց ուղղել, նա խուսափեց պատասխանից, նշելով, թե ուշանում է: Ասաց ու հապճեպ լքեց Հայաստանի խորհրդարանի շենքը:

Հիշեցնենք, որ Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին, ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ: