Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրատվամիջոցում ցանկացած փաստական անճշտություն կամ գնահատող կարծիք կարող է որակվել որպես զրպարտություն կամ վիրավորանք, այստեղից բխող իրավական հետեւանքներով: ԱԺ պատգամավոր Վիտոր Դալլաքյանի կարծիքով` նման վիճակը օրենքի անորոշության հետեւանք է:

Պատգամավորը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին, որով առաջարկում է սահմանափակել լրատվամիջոցի նկատմամբ կիրառվող տուգանքները, ինչպես նաեւ` հստակեցնել սահմանումները:

Մասնավորապես` առաջարկվում է վիրավորանքը եւ զրպարտությունը բնութագրել «անպարկեշտ արտահայտություն» եւ «ակնհայտ սուտ» եզրույթների միջոցով:

Վիրավորանքի դեպքում, ըստ Դալլաքյանի, առավելագույն տուգանքը պետք է կազմի 500 հազ. դրամ, իսկ զրպարտության դեպքում` 800 հազ. դրամ:

Նշենք, որ Վ. Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից:

Սակայն կառավարությունը պատգամավորի առաջարկություններն այնքան էլ ողջունելի չի համարում: Արդարադատության նախարարության ներկայացրած եզրակացության մեջ նշված է, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման վճարի չափը նվազեցնելը նպատակահարմար չէ: Արդարադատության նախարարությունը կիրառելի չի համարում նաեւ «անպարկեշտ» արտահայտությունը, որը կարող է հանգեցնել իրավական անորոշության: