Հայաստանում շատ բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել երկխոսություն սկսելու համար` տնտեսության, արտաքին քաղաքականության եւ այլ թեմաների շուրջ եւ այդ երկխոսությանը պետք է մասնակցեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը: Այս մասին այսօր` հունիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, նշելով, որ երկիրը գտնվում է լայնամասշտաբ բարեփոխումների փուլում, որի համար շատ կարեւոր է ներքին երկխոսությունը:

Մինասյանի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 3 տարի առաջ քաղաքական ուժերին երկխոսության եւ անհասկացողության պատը քանդելու կոչ է արել:

Նա նաեւ նշել է, որ ինքը` երկխոսությունը կարող է լինել նաեւ մամուլի ասուլիսների եւ լրատվամիջոցների ձեւաչափով: Մինասյանը նաեւ կարծում է, որ ՀԱԿ-ը պետք է երկխոսություն ծավալի ոչ միայն իշխանության, այլեւ այլ քաղաքական ուժերի հետ:

«Քաղաքական դաշտի առողջացումը ենթադրում է բաց երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի միջեւ»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ երկխոսելու նպատակով ՀԱԿ-ում պատվիրակություն կազմելուն, հանրապետական պատգամավորը նշել է, որ եթե ՀԱԿ-ում կարծում են, որ իշխանությունների հետ երկխոսությունը պետք է վարեն հենց այդ 5 մարդը, դա նրանց գործն է: «ՀՀԿ-ն մտադիր չէ սահմանափակել իր կուսակցականներին, որոնք կարող են ազատորեն մասնակցել մամուլի ասուլիսներին եւ այդպիսով երկխոսություն վարել ՀԱԿ-ի հետ»,- նշել է նա: