Թբիլիսի Սուրբ Երրորդություն եկեղեցում  այսօր հունիսի 10-ին վրաց պատրիարք Իլյա 2-րդը  դիմավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Ինչպես Թբիլիսիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, երկու երկրների հոգեւոր առաջնորդները նախ ողջունել են միմյանց, այնուհետեւ աղոթք կարդացել առ Աստված:

Հետաքրքական է, որ հանդիպումն, արձանագրությունների համաձայն, պետք է կայանար ժամը  13:30-ին, սակայն եկեղեցու բակում տարածված թերթիկների վրա գրված է եղել 14:00, ինչը թյուրիմացություն է առաջացրել հանդիպումը լուսաբանելու եկած լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ քաղաքացիների մոտ:

Նշենք, որ Գարեգին Բ-ն հնգօրյա այցով գտնվում է Վրաստանում: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ եւ վրաց եկեղեցիների փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Կայանալու է նաեւ Գարեգին Բ-ի այցը Ջավախք եւ հանդիպումը տեղի հայերի հետ:

Հիշեցնենք նաեւ, որ Վեհափառի այցելությունը Վրաստան նախատեսված էր դեռ անցած տարվա գարնանը, սակայն բազմիցս հետաձգվել է: