ՀՀ կառավարությունն ազգային օրենսդրությունը համապատասխանեցնում է 2016 թվականին ընդունված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Այսպես, գազային, հեղուկ վառելիքի, սեղմված, բնական, կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության մասին: Օրինակ, դրա ենթադրյալ օգտագործման, կոմունալ կենցաղային, արտադրական սպառման վերաբերյալ եւ այլն:
Փոխնախարարի խոսքով՝ տվյալ տեղեկությունը պետք է տեղակայվի վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա: «Այսօր, օրինակ, տարբեր զալցակայաններում հեղուկացված գազը վաճառելու դեպքում սպառողներին տեղեկություն չի հաղորդվում, թե այն կենցաղային նշանակության է, թե նախատեսված է մեքենաների համար: Դա վնասում է ավտոմեքենաների շարժիչները»,-պարզաբանեց Սիմոնյանը:
Այդ կապակցությամբ տվյալ օրենսդրական նախաձեռնության շրջանակում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կսահմանվեն տուգանքներ:
Կառավարությունն ավելի վաղ առաջարկել է 200 հազար դրամի չափով տուգանք սահմանել, սակայն պատգամավորները տվյալ գումարը մեծ են համարել: Կառավարությունն ընդունել է պատգամավորների մտավախություններն ու համապատասխան շտկումներ արել օրենսդրական փաթեթում: Այժմ վառելիքի տեսակի մասին տեղեկության բացակայության դեպքում տուգանքը կկազմի 50-100 հազար դեպքում, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ 200 հազար դրամ:



























