Մենք համաձա՞յն ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հարձակվեցին ու զավթեցին բուն հայկական հողերը. Անկախ նրանից՝ դու պահաջում ես վարչապետի հրաժարականը թե ոչ, այս հարցում կարող է բոլոր ուժերի միջեւ միասնություն լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Կամ մենք համաձա՞յն ենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի բուն պատմական մասը: Բայց մենք սրա մասին չենք խոսում: Փողոցում հայտարարվում է՝ Նիկոլ հեռացիր: Իշխանությունը փորձում է հարցերը բարձրացնել, ընդդիմությունն ասում է՝ ոչ, ձեզ հետ այդ հարցերը չենք քննարկում, միակ օրակարգը ձեր հրաժարականն է: Ստացվում է, որ 100 օր ամբողջ հայությունը կարող էր այս հարցերը բարձրացնել աշխարհի ամեն մի անկյունում, այդ թվում Հայաստանում, բայց չի արել: Մենք ժամանակ ենք կորցրել»,-ասաց նա:
Իգիթյանն անդրադարձավ նաեւ ռազմագերիների հարցին. «Իմ պատկերացմամբ՝ հիմնական հասցեատերը այս հարցի պետք է լինի Ադրբեջանը։ Այս ամբողջ պահանջը դրսում պետք է ուղղված լինի այն երկրին, որը պահում է գերիներին, եւ այն երկրին, որը նպաստում է դրան։ Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է, որ ռազմագերիների հարցը Հայաստանում քաոսի է վերածում մեր երկիրը, պարալիզացնում է քաղաքական դաշտը, ինքը կօգտագործի այս լծակը Հայաստանի վրա ազդելու համար։ Ես դա զգում եմ, զգում եմ՝ Ադրբեջանն ինչպես է օգտագործում այդ հարցը։ Ինքը նաեւ կաշկանդում է մեզ ավելի կոշտ քայլեր անելուց, որովհետեւ այդ մարդկանց օգտագործում է նաեւ այդտեղ որպես լծակ։
Գտնում եմ, որ աշխարհի բոլոր այն տեղերում, որտեղ հայություն կա եւ մարդիկ, որոնք կարծում են, որ այդ հարցը պետք է լուծվի, պետք է իրենց բողոքն ուղղեն Ադրբեջանին։ Ես դա չեմ նկատել»,-ասաց Իգիթյանը:





























