Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

NEWS.am-ի հետ զրույցում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ  Շուշան Դոյդոյանը կարծիք հայտնեց, որ այս օրինագիծը հանգեցնելու է կեղծ օգտահաշիվների աճին։

«Երբ մարդկանց արգելում են անել այն՝ ինչ անում էին այսպես թե այնպես, իրենք անցնելու են ընդհատակ, եւ սկսելու են կեղծ օգտահաշիվներ բացել։ Տարածողը մեկ է տարածելու է, փոխհատուցման չափը բարձրացնելով այդ խնդիրը չի լուծվի, այլ  հակառակը՝ խնդիրներ են ստեղծվելու մամուլի համար, որը ինքնագրաքննության է դիմելու։ Այսինքն՝ երբ պետք է ինչ-որ պաշտոնյայի մասին մի բան գրի, մտածելու է՝  բա որ ես գրեմ, հետո զրպարտության համար ինձ դատի տան, խնդիրներ ունենամ, ավելի լավ է խնդիրներ չստեղծեմ եւ ձեռնպահ  մնում այս կամ այն ճշմարիտ փաստերը հրապարակելուց, արդյունքում տուժում է հասարակությունը, որն իրավունք ուներ տեղեկություն ստանալու, իսկ այն պաշտոնյան կամ այն հանրային գործիչը, որն ինչ-որ անօրինականություն էր անում, շարունակելու է իր գործողությունները»,- ասաց Շուշան Դոյդոյանը։

Ըստ փորձագետի՝ լրատվամիջոցները կանգնելու են ոչ միայն  ֆինանսական խնդիրների առաջ, այլ փակման եզրին։

«Որովհետեւ եթե հանկարծ ընկան թակարդը եւ ներքաշվեցին դատական գործընթացներում, չեն կարողանալու վճարել եւ փակման եզրին են կանգնելու։ Ինչքան վնասեցին, փակեցին որակյալ լրատվամիջոցները, այնքան դրան զուգահեռ աճելու են սունկ կայքերը, որոնք ոչ անուն ունեն, ոչ հիմնադիր»,- նկատեց Դոյդոյանը։

Թե ինչպես արդյունավետ պայքարել վիրավորանքի եւ զրպարտանքի դեմ, Շուշան Դոյդոյանն առաջարկեց  զարգացնել արտադատական մեխանիզմները, որն ընդունված է ամբողջ աշխարհում։

«Այսինքն՝ այդ վեճերը միայն դատարաններում չպետք է լուծվեն, դրանց մեծ մասը չպետք է հասնի դատարան,  դրանք պետք է լուծվեն արտադատական մեխանիզմներով՝ անկախ, անաչառ մասնագիտական կառույցների կողմից։ Օրինակ, էթիկայի դիտորդ մարմին ունենք, որը կարող է էթիկական գնահատական տալ, տեղեկատվական վեճերի խորհուրդ ունենք, որը կարող է իրավական գնահատական տալ այդ վեճին եւ հենց այդ փուլում էլ բավարարվեն, բայց չէ, փողի կարոտն է, թե ինչն է, որ մինչեւ վերջ վրեժխնդիր լինելու կարիք կա։ Բոլոր պաշտոնյաները շտապում են օր առաջ դատական հայց ներկայացնել, ինչը շատ վատ է, որովհետեւ պրակտիկա կձեւավորվի, որը հակառակ կլինի ՄԻԵԴ-ի կայացրած առանցքային մի որոշման, որով ասվում է, որ հանրային գործիչները, պաշտոնյաներն  էլ ավելի հանդուրժող պետք է լինեն  իրենց հասցեին հնչած քննադատությանը, ոչ թե ամեն ինչ անեն, որ իրենց պաշտպանեն, այլ մի բան էլ ավել՝ պետք է հանդուրժեն հանրային քննադատությունը, որովհետեւ հանրային բեմահարթակում են իրենք գտնվում, մոռացել են այդ մասին, որ հանրային ռեսուրսներ են օգտագործում: Մենք չենք նրանց խնդրել, որ իրենք պատգամավոր դառնան, դա իրենց ընտրությունն է»,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը։

Մեր հարցին, թե որեւէ միտում նկատում է լրատվամիջոցներին լռեցնելու փորձի համար, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահն արձագանքեց․

«Ոչ, ես միակ միտումը համարում եմ անգրագիտությունը, որը բացահայտ է։ Եվ ինչքան անգրագիտությունը ծանրակշիռ է, այնքան ուրիշի կողքից խելացի կարծիք լսելու ունակությունն էլ զուգահեռաբար ցածր է։ Մեկը մյուսով պայմանավորված է»։