Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռացրել է էկոնոմիկայի նոր նախարարին, որն այդ պաշտոնին նշանակվել էր ընդամենը հունվարին, եւ իր կառավարությանը դատապարտել է նոր հնգամյա տնտեսական ծրագրի մեջ նորարարությունների բացակայության պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները:
Երկրի իշխող Աշխատանքային կուսակցությունը հինգշաբթի ավարտել է քառօրյա լիագումար նիստը, որում Կիմը նաեւ շարադրել էր ներքին հարաբերությունների եւ մյուս երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաեւ կուսակցական կանոնների եւ կադրային հարցերի իր տեսլականը:
Հաշվի առնելով, որ օրակարգում տնտեսությունը կարեւոր տեղ է գրավում, Կիմ Չեն Ընը վերանայել է հունվարին կուսակցության համագումարում հրապարակված իր նոր հնգամյա ռազմավարության գործողությունների ծրագրերը՝ միջազգային պատժամիջոցների, սահմանների երկարատեւ փակ լինելու եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտաքին օգնության կրճատման ֆոնին:
Նա կառավարությանը մեղադրել է «աննշան փոփոխություններով» ծրագրեր մշակելու մեջ՝ նախորդների համեմատությամբ, որոնք, նրա խոսքով, «զգալիորեն ձախողվել էին գրեթե բոլոր հատվածներում»:
Կոմիտեն տնտեսական քաղաքականության ոլորտում վետերան Օ Սու Յոնին, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, նշանակել է իր տնտեսական հարցերով դեպարտամենտի նոր տնօրեն՝ փոխարինելով Կիմ Տու Իրին, որը նշանակվել էր հունվարին:
«Կուսակցության համագումարի գաղափարը եւ քաղաքականությունը պատճաշ արտացոլում չունեն այս տարվա տնտեսական աշխատանքի առաջարկված ծրագրում, իսկ նորարարական տեսանկյուն եւ հստակ մարտավարություն հնարավոր չէ գտնել»,- ասել է Կիմը ժողովում, փոխանցում է KCNA պետական լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ կառավարությանը չի հաջողվել առաջատար դեր խաղալ առանցքային տնտեսական ոլորտներում ծրագրերը կազմելիս, եւ գրեթե մեխանիկորեն հանրագումարի են բերվել նախարարությունների կազմած թվերը:
Արդյունքում որոշ ճյուղերում ծրագրերն անիրատեսորեն գերագնահատվել են, իսկ մյուսներում խնդիրներ են դրվել, որոնք արդեն հեշտությամբ էին իրագործվում, հավելել է նա:





























