Գերմանիան Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան չի բացառում ԵՄ-ի հետ հարաբերությունների խզումը, տարօրինակ եւ անհասկանալի է համարում: Այսօր ճեպազրույցի ժամանակ այսպիսի պնդմամբ է հանդես եկել Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Անդրեա Զասեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ռուս նախարարի հայտարարություններին, կարող եմ ասել, որ դա, մեր կարծիքով, իսկապես տարօրինակ է եւ անհասկանալի»,- ասել է նա: Զասեն հիշեցրել է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը չորեքշաբթի Բունդեսթագում հայտարարել էր Ռուսաստանի հետ կոոպերացիայի հարցում Բեռլինի շահագրգռության մասին: «Այս առումով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարություններն իսկապես զարմացնում են»,- հավելել է Զասեն:
Ավելի վաղ «Սոլովյով Live» YouTube-յան ալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան չի բացառում Բրյուսելի հետ հարաբերությունների խզումը, եթե ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի, որոնք ռիսկեր են ստեղծում ռուսական տնտեսության զգայուն հատվածների համար:





























