Գործող իշխանությունները, եւ այս առումով ողջամիտ կասկածներ կան, կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ դիտավորյալ գաղտնի պայմանավորվածությունների շրջանակում շարունակում են հանձնել տարածքներն ու դիրքերը: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսյանը:
Այս համատեքստում նա հայտնեց, որ Սյունիքի մարզի Ծղուկ լեռան տեղամասում GPS-ն գրանցել է, որ այդ տարածքը գտնվում է Ադրբեջանի կազմում, եւ համայնքների ղեկավարներին հայտնել են, որ գարնանը, երբ ձյունը հալչի, այնտեղ անցկացվելու են սահմանազատման աշխատանքներ:
«Մենք այսպիսի իրավիճակի ականատես եղանք Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում, որտեղ գյուղացիները մեզ կոնկրետ դիրք ցույց տվեցին՝ հայտարարելով, որ գարնանը իրենց նույնպիսի խնդիր է սպասում: Որեւէ մեկն այս մասին իշխանություններից լսե՞լ է»,- հարց տվեց պատգամավորը:





























