2020-ին՝ 2019-ի համեմատ, հարկային մուտքերը կրճատվել են 220 մլրդ դրամով (450 մլն դոլար): Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ պետական պարտքի չափը կկազմի ավելի քան 9 մլրդ դոլար եւ կարող է մոտենալ 10 մլրդ դոլարի:
«Պարտքի ինստիտուտն ինքնին վատ երեւույթ չէ: Եթե դրանից գրագետ օգտվենք, կարելի է իրականացնել կապիտալ նախագծեր, նոր աշխատատեղեր ստեղծել, նոր տեխնոլոգիաներ ներդնել: Այդ ամենը թույլ է տալիս հնարավորություններ ստեղծել պարտքի մարման համար: Խնդիրն այն է, որ մեր վերցրած պարտքը ընթացիկ ծախսերի վրա է գնում՝ պետական սեկտորում աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների վճարում եւ այլն»,-նշեց Բոստանջյանը:
Փորձագետը Հայաստանում տնտեսական անկումը, որը պաշտոնապես կազմել է գրեթե 8 տոկոս, համեմատեց այլ երկրների ցուցանիշների հետ:
«Ադրբեջանում անկումը կազմել է 4,3%, Ռուսաստանում՝ 3,1%, Վրաստանում՝ 5,5%, ԱՄՆ-ում՝ 3,5 %»,-եզրափակեց նա:





























