Գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի շտամն ավելի վտանգավոր են ճանաչել, քան ախտածնի սկզբնական ձեւը, նշված է Նոր եւ առաջացող շնչառական վիրուսների հարցերով խորհրդակցական խմբի (NERVTAG) հաշվետվության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետներն ուսումնասիրել են Լոնդոնի առաջատար բուժհաստատությունների COVID-19-ի դեպքերի վերաբերյալ տվյալները եւ հայտնաբերել, որ վիրուսի նոր տարբերակը 30-70 տոկոսով ավելի մահաբեր է: Ընդ որում՝ հետազոտողները շեշտել են, որ չնայած բոլոր վիճակագրական տվյալները այդպիսի միտում են հայտնաբերել, պատճառները եւ VUI-202012/01 շտամի մահաբերության ավելի ստույգ ցուցանիշները պարզելու համար անհրաժեշտ է ավելի մանրամասն վերլուծություն:

Գիտնականների ենթադրությամբ՝ մահվան մեծ հավանականությունը կապված է կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակով վարակվելու դեպքում վիրուսային ավելի մեծ բեռնվածության հետ, ինչը հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում:

Դեկտեմբերի կեսին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել էին SARS-CoV-2-ի նոր մուտացիա՝ VUI-202012/01: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն սկզբնական տարբերակից 70 տոկոսով (այլ գնահատականներով՝ 56 տոկոսով) ավելի արագ է տարածվում: