Փետրվարի 8-15-ը նախորդ շաբաթվա համեմատությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է 16 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 10 տոկոսով: Այս տվյալները ներկայացվել են չորեքշաբթի լույս գիշերը Ժնեւում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վարակման նոր դեպքերի մասին տեղեկությունների թիվը շարունակում է նվազել»,- արձանագրել են ԱՀԿ-ում: Անցած շաբաթ գրանցվել է 2 726 974 վարակված (16 տոկոսով պակաս, քան մեկ շաբաթ առաջ) եւ մահվան 81 340 դեպք (10 տոկոսով պակաս): Փետրվարի 15-ի դրությամբ աշխարհում կար վարակման 108 246 992 եւ պացիենտների մահվան 2 386 717 դեպք:
Անցած շաբաթ հիվանդացության անկումն առանձնապես զգալի է եղել Աֆրիկայում (20 տոկոսով), Արեւմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (20 տոկոսով), Եվրոպայում (18 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (16 տոկոսով): Այս տարածաշրջաններում մահացությունը եւս անկում է գրանցել՝ համապատասխանաբար 21 տոկոսով, 13 տոկոսով, 19 տոկոսով եւ 2 տոկոսով: Մահացության նվազում է գրանցվել Հարավարեւելյան Ասիայում (9 տոկոսով), Միջերկրական ծովի արեւելյան հատվածում (9 տոկոսով):
Յոթ օրում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, մահացել է ավելի քան 44 հազարը: Եվրոպայում գրանցվել է վարակման ավելի քան 968 հազար նոր դեպք եւ մահվան ավելի քան 33 հազար դեպք: Միջերկրական ծովի արեւելյան հատվածում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 170 հազար վարակվածի, մահացել է ավելի քան 2,5 հազար մարդ:
ԱՄՆ-ում մեկ շաբաթում վարակվածների թիվն աճել է ավելի քան 673 հազարով: Հաջորդում են Բրազիլիան (ավելի քան 318 հազար նոր դեպք), Ֆրանսիան (ավելի քան 127 հազար), Ռուսաստանը (ավելի քան 104 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 97 հազար), Իտալիան (ավելի քան 85 հազար), Հնդկաստանը (ավելի քան 78 հազար), Մեքսիկան (ավելի քան 66 հազար), Ինդոնեզիան (ավելի քան 63 հազար), Թուրքիան (ավելի քան 55 հազար):





























