Սպիտակամորթ ռասայի գերակայության կողմնակիցները վտանգավոր են հասարակության համար, իսկ նրանց շարժումն ահաբեկչական ամենամեծ սպառնալիքն է Միացյալ Նահանգների ներսում: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է երեքշաբթի երեկոյան Միլուոկիում (Վիսկոնսին) հանրության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակամորթների գերակայության կողմնակիցներին եւ «Կու-կլուկս-կլան» ​​ծայրահեղ աջ ռասիստական կազմակերպության անդամներին նա «Ամերիկայի ամենավտանգավոր մարդիկ» է անվանել: «Սա Ամերիկայի ամենամեծ ներքին ահաբեկչական սպառնալիքն է»,- շեշտել է ամերիկացի առաջնորդը:

«Ես հոգ կտանեմ, որպեսզի արդարադատության նախարարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի հենց այդ մարդկանց, որպեսզի մենք կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես պայքարել սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցների շարժման աճի դեմ»,- հավելել է պետության ղեկավարը: Վաշինգտոնի վարչակազմը, շարունակել է նա, կուսումնասիրի այս շարժման տարածման ազդեցությունը բնակչության որոշակի խմբերի, այդ թվում` ուժային կառույցների վրա:

«Դա մեր գոյության անեծքն է: Նրանք միշտ էլ եղել են այդպիսին: Նրանք իսկապես խենթ են, վտանգավոր մարդիկ»,- եզրափակել է նախագահը` սպիտակամորթների ռասայի գերակայության կողմանկիցների մասին:

Ավելի վաղ Բայդենն իր վարչակազմին հանձնարարել էր խստացնել պայքարը ներքին ծայրահեղականության դեմ,  ներքին ծայրահեղականության ռիսկերի համապարփակ գնահատական անցկացնել` ԱՄՆ Կոնգրեսում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ:

Շաբաթ օրը Կոնգրեսի Սենատը արդարացրեց հանրապետության նախկին նախագահ Դոնալդ Թրամփին դեմոկրատ օրենսդիրների նախաձեռնած իմպիչմենթի թվով երկրորդ ընթացակարգի շրջանակներում: Իմպիչմենթի ընթացակարգը սկսվել էր հունվարի 6-ին Թրամփի կողմից արված արտահայտությունների պատճառով: Այդ օրը Վաշինգտոնում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հանրապետականների կողմնակիցները ներխուժեցին Կոնգրես` փորձելով կանխել անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնցում հաղթանակ էր տարել դեմոկրատ Բայդենը:

Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված բանաձեւում միայն մեկ մեղադրանքի հոդված կար` ապստամբության հրահրում: