2011 թ. հունվար-մայիսին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը գրանցել է ավելի քան 5000 ապահովագրական պատահար: Ընդ որում` Երեւանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2.6 անգամ գերազանցում է մարզերի համանման գումարային ցուցանիշը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագարական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

Սակայն նա ճշտեց, որ մարզերում գրանցված մեքենաները շատ մեծ մասնակցություն ունեն Երեւանում տեղի ունեցած պատահարներում:

Օրական տեղի ունեցող ՃՏՊ-երի առավելագույն միջին ցուցանիշ արձանագրվել է փետրվարին` 37: Գարնանային ամիսներին այդ ցուցանիշն իջել է մինչեւ 32-33, սակայն հունիսի առաջին կեսին գրանցվել է աճ` 36:

«Ռոսգոսստրախ Արմենիային» պատկանում է ԱՊՊԱ շուկայի 36 տոկոսը, եւ ընդհանուր ապահովագրական շուկայի 27 տոկոսը: Պետական հիմնարկներից ընկերության ծառայությունից օգտվում է միայն արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում ապահովագրել է մոտ 300 մեքենա: