Ուրբաթ ԱՄՆ-ը վերադարձել է կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախագահի պաշտոնում առաջին օրը՝ հունվարի 20-ին, Ջո Բայդենը ստորագրել է փաստաթուղթ Փարիզի համաձայնագրին Միացյալ Նահանգների վերադարձի մասին: Այդ համաձայնագրի դրույթներով՝ այսօր Միացյալ Նահանգները կրկին պաշտոնապես դառնում են դրա մասնակից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կլիմայի փոփոխության թեմայում կներառի ամենակարեւոր երկկողմանի եւ բազմակողմանի քննարկումները բոլոր մակարդակներում:

«Արձագանքել կլիմայի փոփոխության հետեւանքով իրական սպառնալիքներին եւ լսել մեր գիտնականներին. ահա ինչն է մեր ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների կենտրոնում»,-հավելել է Բլինքենը:

Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրն առաջին կլիմայական համաձայնագիրն է, որը ստորագրվել է ավելի քան 190 երկրների կողմից 2015 թվականի դեկտեմբերին, որով սահմանվում է գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ համաշխարհային գործողությունների ծրագիրը: Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ը դուրս էր եկել համաձայնագրի անդամությունից, սակայն Բայդենն իր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստորագրել է դրան վերադառնալու մասին հրաման: