Տասնյակ տոննա մազութ է ծածկել Իսրայելի միջերկրածովյան ափի մեծ մասը: Տեղական իշխանությունները խոսում են երկրի պատմության մեջ ամենախոշոր բնապահպանական աղետի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հազարավոր կամավորներ եւ զինվորներ օգնում են ափը մաքրել մազութի թանձրուկից, որն արդեն լուրջ վնաս է հասցրել վայրի բնությանը: Տուժած հատվածներում հայտնաբերվել են սատկած կրիաներ, ձկներ եւ թռչուններ, որոնց մնացորդները ներկված են սեւ գույնով:
Իսրայելի իշխանությունները նփորձում են պարզել աղտոտման պատճառը. նախնական տեղեկություններով՝ խոսքը նավից վառելիքի արտահոսքի մասին է:
Մազութի բազմաթիվ թանձրուկներ են հայտնաբերվել Իսրայելի առափնյա գծի մեծ մասում, որը ձգվում է 190 կմ: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ տուժած տարածքների մաքրումը կտեւի ամիսներ, իսկ գուցե եւ տարիներ:
Տեղացիներին խնդրում են խուսափել միջերկրածովյան լողափեր այցելելուց:
Աղտոտման պատճառ կարող էր լինել փետրվարի 11-ի փոթորկի ժամանակ նավերից մեկից վառելիքի թափվելը: Այդ պահին նավը ափից մոտ 50 կմ հեռավորության վրա է եղել: Պարզելու համար, թե կոնկրետ որ նավից կարող էր լինել արտահոսքը, մասնագետներն ուսումնասիրում են արբանյակային լուսանկարները եւ ալիքների ուղղությունը:
Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիլա Գամլիելը հայտարարել է, որ կասկածվում են 9 նավեր, որոնք այդ ժամանակ այս շրջանում են եղել: Իսրայելի իշխանությունները դիտարկում են դատական հայցի հնարավորությունը՝ փոխհատուցում ստանալու համար, որը մեղավորներին կարող է արժենալ միլիոնավոր դոլար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ այցելել է լողափերից մեկը՝ գնահատելով պատճառված վնասը:





























