Ամերիկայի միացյալ նահանգները հանդես է գալիս Մոլդովայի տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերի ու զինտեխնիկայի դուրս բերման օգտին: Այսպիսի հայտարարություն է արել Քիշնեւում հունիսի 12-ին տեղի ունեցած բրիֆինգում ամերիկացի հանրապետական–սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն ՄակՔեյնը` Մոլդովայի նախագահ Մարիան Լուպուի եւ վարչապետ Վլադիմիր Ֆիլատի հետ հանդիպումից հետո: 

ՄակՔեյնն ընդգծել է, որ ռուսական զորքերը ներկայումս գտնվում են Մոլդովայի Մերձդնեստրյան տարածաշրջանում` միջազգային չափանիշների խախտմամբ, Մոլդովայի պաշտոնական իշխանությունների  կամքին հակառակ: ՄակՔեյնը միաժամանակ ընդգծել է, որ Մերձդնեստրում ռուսական ռազմական ներկայությունը Մոլդովայի  ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:

Ամերիկացի սենատորի խոսքով, ԱՄՆ-ը պաշտպանում է  Մոլդովայի անկախությունը եւ կարծում է, որ ռուսական զորքերի դուրսբերումը կնպաստի Մերձդնեստրյան գործընթացի կարգավորմանը: