Մեծ Բրիտանիան բացառել է Սիրիայում ռազմական գործողության անցկացման հնարավորությունը, այնպիսին, որը ՆԱՏՕ-ն վարում է Լիբիայում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Հեյգը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան եւ Արեւմուտքի մյուս երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ են պատրաստում` Սիրիայի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մեծ Բրիտանիան զորքեր ուղարկի` Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու համար, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ տա նման գործողության իրականացումը, Հեյգը պատասխանել է, «Այդ հարցը կարելի է հիպոթետիկ համարել»:
«Գլխավորը, որ մենք փորձում ենք անել, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունումն է»,- ասել է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարը:
Հեյգը նշել է, թե իրավիճակը Սիրիայում չափազանց լուրջ է եւ կա փախստականների զանգվածային փախուստի սպառնալիք անվտանգության ուժերի եւ ընդդիմության դաժան բախումների պատճառով:




























