Գերիներին չվերադարձնելու համար Ադրբեջանի նկատմամբ այնպիսի միջազգային սանկցիաներ պետք է կիրառվեն, որ Ադրբեջանը որոշի օր առաջ վերադարձնել գերիներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ փետրվարի 24–ին, ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման դժվարություններին։

«Որպեսզի կարողանանք Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու ճնշման գործիքակազմը հանել, կա երկու ճանապարհ. կամ  պետք է ձևավորենք նույն քանակի գերիներ մեզ մոտ, որպեսզի դրանից հետո «բոլորը բոլորի դիմաց» ֆորմուլան նորից աշխատի, կամ պետք է կարողանանք այնպիսի միջազգային իրավիճակ ձևավորել, որ սանկցիաներով այնպիսի հարվածներ ու ցավեր պատճառեն Ադրբեջանի, որ օր առաջ վերադարձնի գերիներին։ Նույնիսկ եթե այլ երկրներ միջնորդություններ են անելու, դրանց հետևում բնականաբար ինչ–որ պայմանավորվածություններ են լինելու։ Դրանց համար «վճարելու ենք» մենք, ոչ թե գումարային իմաստով, այլ հնարավոր է՝ ստիպված լինենք ինչ–որ բաներ զիջել»–ընդգծեց նա։

Հարցին, թե ինչու գերիների և զոհվածների հստակ թվերը չեն հրապարակվում, Պողոսյանը պատասխանեց։

«Ամենացավալին այն է, որ չունենք այդ ռազմավարական հաղորդակցություն հանրության հետ։ Շատ ուրախ կլինեի, որ ասեին, թե քանիսն է գտնվել և քանիսին են դեռ փնտրում։ Ի՞նչ է մեզ տալիս չհաղորդակցվելը՝ տարբեր տեսակի քաղաքական, բարոյահոգեբանական մանիպուլյացիաներ, ինչը արվում է ոչ միայն ներսում, այլև դրսում»,– ասաց նա։

Թևան Պողոսյանը նաև նկատեց՝ չի բացառվում, որ անհետ կորածների ցուցակներում լինեն մարդիկ, որոնք այդպես էլ չգտնվեն, որովհետև հնարավոր է՝ կամ փախել են կամ թաքնված են ինչ–որ տեղ։

Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանում  պետք է գործի հակաճգնաժամային նոր թիմ, որը կկարողանա հաղթահարել այսօրվա ճգնաժամերը. «Հուսով եմ ինչ–որ ժամանակ անց կունենանք արտահերթ ընտրություններ, որը հնարավորություն կտա Հայաստանին նորից հետ վերադառնալ իր սահմանադրական զարգացման գործընթացին և փուլերին»–ասաց նա։