Թաիլանդի երեք նախարարներ ազատազրկման են դատապարտվել եւ հեռացվել են իրենց պաշտոններից այն բանից հետո, երբ դատարանը նրանց մեղավոր է ճանաչել հակակառավարական ցույցերին մասնակցելու մեջ:

Նախքան այժմյան կաբինետ գալը երեքն էլ անդամակցել են այն խմբին, որն այժմ կանգնած է փողոցային զանգվածային բողոքի ցույցերի հետեւում, հայտնում է AFP-ն:

Բողոքի ցույցերը ղեկավարել է Սուտհեփ Թագսուբանը, եւ դրանք ուղեկցվել են բռնություններով, ինչը հանգեցրել է այնպիսի անկարգությունների, որ բանակը հայտարարել է, թե դրանք հիմք են հանդիսացել 2014-ի ռազմական հեղաշրջման համար:

Բանգկոկի քրեական դատարանը դատապարտել է 26 մարդու, այդ թվում՝ Սուտհեփին եւ երեք պաշտոնյաների՝ թվային էկոնոմիկայի նախարար Բուդիպոնգե Պուննկանտային, կրթության նախարար Նատաֆոլ Թեփսուվանին եւ տրանսպորտի փոխնախարար Թաորն Սենիամին:

Թաիլանդի սահմանադրության համաձայն, նրանք անմիջապես կզրկվեն պաշտոններից:

Դատարանը հայտարարության մեջ նշել է, որ նախարարները դատապարտվել են 5-7 տարվա ազատազրկման՝ խռովություն հրահրելու համար:

Նրա ինքնահռչակ «Ժողովրդավարական բարեփոխումների ազգային կոմիտեն» (PDRC)՝ այժմ արդեն գոյություն չունեցող քաղաքական խմբավորումը, հայտնի է դարձել 2013 թվականին, որպեսզի դիմակայի նախկին վարչապետ Թաքսին Չինավատրայի ազդեցությանը: