Անդրբայկալի երկրամասում պետական դավաճանության մեղադրանքով դատապարտված ռուսաստանցին՝ Վլադիմիր Վասիլեւը հավաքել եւ Չինաստանի հատուկ ծառայությունների է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Քննությամբ եւ դատաքննությամբ հաստատվել է, որ Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Վասիլեւը, որն իրեն մեղավոր է ճանաչել, ասիական երկրներից մեկի՝ Չինաստանի հատուկ ծառայություններին տեղեկություններ է փոխանցել, որոնք պետական գաղտնիք են պարունակել եւ կարող էին վնաս հասցնել երկրի շահերին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ընդ որում՝ աղբյուրը չի հայտնել քրեական գործի մանրամասները եւ մարզը, որտեղ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցվել են:

ՏԱՍՍ-ի տրամադրության տակ չկան քննչական մարմինների եւ Վասիլեւի պաշտպանության ներկայացուցիչների պաշտոնական մեկնաբանությունները:

Անդրբայկալյան երկրամասային դատարանը Վասիլեւին դատապարտել է 8 տարվա ազատազրկման, պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում՝ նրան մեղավոր ճանաչելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու եւ օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ: Պատժի հիմնական մասը կրելուց հետո դատարանը Վասիլեւի ազատությունը սահմանափակել է եւս մեկ տարով: Դատարանի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ դատավճիռն ուժի մեջ է մտել: