Թուրքիայի հնարավոր ռազմական ներխուժումը Սինջար, որը Իրաքի հյուսիսում վիճարկվող տարածաշրջան է, ընդդեմ Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության, կտապալվի եւ կվնասի տարածաշրջանային կայունությանը, հայտարարել է վերլուծաբան Նուսայբա Յունիսը Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հոդվածում:

Յունիսն իր հոդվածում նշում է, որ նման ներխուժումը չի պսակվի Սինջար նահանգից Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դուրսմղմամբ:

«Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունը մեծացրել է իր ներկայությունը Սինջարում՝ թուրքական սահմանից շուրջ 80 կմ հարավ-արեւելք, որպես քրդերի ավելի լայն խմբի մաս միջամտելուց հետո, որպեսզի 2014 թվականին պաշտպաներ տեղի եզդիական կրոնական փոքրամասնությունը Իսլամական պետության հարձակումներից: Այդ խումբը շարունակում է պահպանել իր ազդցեությունը տարածաշրջանում Սինջարի դիմադրության ջոկատների՝ առավելապես եզդիական աշխարհազորի միջոցով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 թվականին Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանը մեղադրել էր Սինջարում «երկրորդ Քանդիլ» ստեղծելու փորձի մեջ՝ նկատի ունենալով Իրաքի հյուսիսում Քանդիլի լեռներում բազան, որտեղ գտնվում է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության կենտրոնակայանը»,- նշվում է հոդվածում, որը փոխանցում է Ahval-ը:

Եվրոպական երկրները պետք է հստակ հայտարարեն իրենց անհամաձայնության մասին ցանկացած թուրքական ներխուժմանը եւ նախազգուշացնեն դրա պոտենցիալ վտանգավոր հետեւանքների մասին, ասել է Յունիսը:

Վերլուծաբանի խոսքով՝ Թուրքիային դժվար կլինի հասնել Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դեմ պայքարում երկարաժամկետ հաջողությունների, եւ նրա զինվորականները կբախվեն «այս շրջանում գործող, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների» կողմից զգալի դիմադրության: